19/06/2018 11:31
Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Հունիսի 18-ին տեղի ունեցել Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը:
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ հարցերը:
Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Հանրապետության նախագահին առաջարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի թեկնածությունը:
Նույն դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը չեն ստացել Խորհրդի բավարար ձայները:
Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրել է փակ գաղտնի քվեարկություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով պատրաստված քվեաթերթիկում ներառված էին նույն դատարանի թվով 61 դատավորների անուններ:
Քվեարկության արդյունքում առաջին փուլում ձայներ են ստացել հետևյալ թեկնածուները.
1. Հարությունյան Դավիթ - 4
2. Վարդազարյան Ռուբեն - 5
3. Վարդապետյան Արմեն - 1
Առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չի ստացել և անցկացվել է լրացուցիչ ընտրություն, որին մասնակցել են համապատասխանաբար առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրել է հետևյալ արդյունքը.
1. Հարությունյան Դավիթ - 3
2. Վարդազարյան Ռուբեն - 6
3. Բոլորին դեմ - 1
Այդպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվել է Ռուբեն Վարդազարյանը: