19/06/2018 20:08
Բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բերքահավաքի անկորուստ կազմակերպմանը. Արցախի նորանշանակ պետնախարարը քննարկել է գյուղոլորտի խնդիրները
Հունիսի 19-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացնում են Արցախի պետնախարարի աշխատակազմից:
Գ. Մարտիրոսյանը նախ լսել է բերքահավաքի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի պաշտոնակատար Հրանտ Սաֆարյանի զեկույցները։
Պետնախարարն ընդգծել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բերքահավաքի անկորուստ կազմակերպմանն ու խոստացվածի համաձայն՝ առանց վճարումների ուշացման մթերման իրականացմանը։
Այնուհետև Գ․ Մարտիրոսյանը անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականության շրջանակում գործող մասնավորապես սուբսիդավորման, փոխառությունների և լիզինգի ծրագրերին՝ նշելով, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է համապատասխան ամբողջական վերագնահատումներ և առաջարկություններ ներկայացվեն: Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել հանրային հատվածի հետ բաց աշխատանքը։ Այս առնչությամբ հանձնարարվել է հստակ քայլեր ձեռնարկել:
«Բոլոր ծրագրերի վերաբերյալ պետք է համարժեք տեղեկատվություն ապահովել, որպեսզի հողօգտագործողը ժամանակին իմանա, ինչ հնարավորություններ է ստեղծել կառավարությունը: Բացի դրանից՝ անհրաժեշտ է ավելի պարզ ու մատչելի դարձնել գործող ընթացակարգերը: Այս հարցերում մենք հետևողական աշխատանք ենք իրականացնելու»,- ասել է Մարտիրոսյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ոլորտին վերաբերող այլ հարցեր: