19/06/2018 11:12
Բոլորի համար սա շոկ է. Գևորգ Կոստանյանը՝ Մանվել Գրիգորյանի առանձնատան ստուգումների մասին
Ցանկացած անձի կողմից նման արարք թույլ տալը կարելի է բնութագրել դավաճանություն ժողովրդի և պետության նկատմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ ստուգումներին։
«Բոլորի համար սա շոկ է», - ասաց նա։
Նա հավելեց, որ կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռմխելիությունից զրկելու հարցին։
«Վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցության բոլոր իմ գործընկերները նույնպես կողմ են քվեարկելու, որովհետև սա բացարձակ անթույլատրելի է և որևէ այլ կերպ, քան դավաճանություն, նման արարքը չի կարող բնութագրվել: Մենք համաձայնությունը կտանք՝ հնարավորություն տալով նախաքննական մարմնին քննություն իրականացնել, ապացուցել և ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց ու պատասխանատվոթյան ենթարկել, միաժամանակ մենք դրանով հնարավորություն կտանք Մանվել Գրիգորյանին, որ այդ նախաքննության ընթացքում հնարավորություն ունենա ապացուցել իր առնչությունն այս ամենին», - նշեց Կոստանյանը։
Կոստանյանը նաև նշեց, որ կա իրավական հիմք՝ նիստն առանց Մանվել Գրիգորյանի ներկայության իրականացնելու. «ԱԺ կանոնակարգ օրենքում սահմանված է նման հնարավորություն, որ առանց պատգամավորի մասնակցությամբ, բայց նրա համաձայնության դեպքում կարող է նիստն անցկացվել», - նշեց նա։