19/06/2018 15:45
Իրանի ԱԳՆ. Մերձավոր Արևելքում 80 միջուկային մարտալիցք է տեղակայված
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում գտնվում է մոտ 80 միջուկային մարտալիցք, բայց դրանցից ոչ մեկը չի պատկանում Իրանին, հայտնել է Mehr գործակալությունը:
«Մերձավոր Արևելքում տեղակայված է առնվազն 80 միջուկային մարտագլխիկ: Դրանցից ոչ մեկը չի գտնվում Իրանում», - հայտարարել է Զարիֆը: Նախարարը հավելել է, որ այդ միջուկային մարտալիցքերը պատկանում են «պատերազմ հրահրողներին, որոնք բարձրաձայնում են ռազմական միջուկային ծրագրի բնագավառում իբր առկա իրանական հավակնությունների մասին»:
«Եկել է իրական տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային սպառնալիքների շուրջ խոսակցություն սկսելու ժամանակը»,-եզրափակել է նա:
Twitter-ի իր Էջում Զարիֆը զետեղել է միջուկային այն մարտալիցքերի թվաքանակին վերաբերող աղյուսակը, որոնք տարբեր երկրներ ունեն 2018 թվականի հունվարի դրությամբ: Ընդ որում՝ նա հղում է արել Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին: Այդ ցուցակում հիշատակված է Իսրայելը՝ 80 միավոր միջուկային զենքով: Մինչդեռ պաշտոնական Իսրայելը չի հաստատում և չի հերքում երկրում մարտագլխիկների առկայությունը: