19/06/2018 17:05
Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությունը
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ու ռազմաքաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակում և էլ ավելի կամրապնդվեն համագործակցության նախանշված ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործակցության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: