19/06/2018 18:58
Թուրքիան մտադիր է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում
Թուրքիան մտադիր է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում, որտեղ գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) և «Ժողովրդավարական միություն» (ԺՄ) ջոկատներից քրդական կազմավորումները: Այդ մասին, ինչպես հաղորդել է Anadolu գործակալությունը, հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է ТАСС-ը:
«ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ ԺԻՈւ-ից և ԺՄ-ից ահաբեկիչներն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայի հյուսիսի Քոբանիի, Ղամիշլիի և Հասեքայի շրջաններում: Թուրքիայի հաջորդ նպատակը կդառնա սիրիական այդ շրջանների վերածելը անվտանգության գոտիների»,-գործակալությունը մեջբերում է վարչապետի խոսքը:
Թուրքիայի Գլխավոր շտաբը հունիսի 14-ին հայտնել Է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինվորականները հունիսի 12-13-ին Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը:
Մինչ այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին: