19/06/2018 16:12
Իտալիայում մոտ 60 մարդ են ձերբակալել մաֆիայի հետ կապերի համար
Իտալացի իրավապահներն իսպանացի գործընկերների հետ համատեղ կատարել են 58 մարդու ձերբակալություն, որոնք Հռոմի ծայրամասերից մեկի մաֆիական խմբավորման մասնակիցներ են, ասված է Իտալիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչության հաղորդագրության մեջ:
Կարաբինավորների, ոստիկանության և իսպանական քաղաքացիական գվարդիայի գործողությունն անցկացվում է ոչ միայն Հռոմում, այլև Սարդինիայում և Մոլիզեի ու Պիեմոնտի մարզերում, նաև Իսպանիայի տարածքում: Խմբավորումը վերահսկում էր Մոնտեսպակատոյի շրջանը և զբաղվում շորթումներով, թմրանյութերի առևտրով, փողերի լվացմամբ: Նաև ձերբակալվածներին մեղսագրվում է մարդու առևանգում, անօրինականորեն զենք կրելը, կեղծարարություն ձեռնարկատիրական գործունեություն վարելիս:
Նրանց մեղսագրվող հանցագործությունների ցուցակում ծանրացուցիչ հանգամանքը նրանց կազմակերպության մաֆիական բնույթն է: Իտալական արդարադատության համար այդ գործոնը, որպես կանոն, մեծացնում է մեղքը, ինչը հանգեցնում է պատժի ավելի ծանր ժամկետների:
Բացի այդ, իրավապահները բռնագրավել են անշարժ գույքի 14 օբյեկտ, 12 առևտրային ձեռնարկություն, տարբեր փոխադրամիջոցներ և ընկերություններում յոթ միլիոն եվրո ընդհանուր գումարի բաժնեմասեր: