20/06/2018 12:06
Երկար քննադատություններից հետո «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկեց «Բարեգործության մասին» օրենքին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը սվիններով ընդունեց «Ծառուկյան» խմբակցությունը, Աժ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց խոչընդոտների։ Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար։
Մինչև քվերկությունը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց մտահոգությունները նախագծի հետ կապված քննարկումներ եղել են և դրանք հանված են։ «Կոմպրոմիսը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը քվեարկում է կողմ», - ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ սա այն նախագիծն էր, որը մեծ անհանգստություն էր առաջացրել «Ծառուկյան» խմբակցությունում։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը, որը զբաղվում է բարեգործություններով, կառավարության թիրախում է։ Նա մասնավորապես, տարօրինակ էր համարել, թե այդ ով է, որ պետք է որոշի՝ ի՞նչն է բարեգործությունը և ինչպե՞ս պետք է որոշի՝ ով և ինչպես անի բարեգործություն։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով։ Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Փոփոխությունների համաձայն՝ այս մարմինն է իրավասու լինելու ծրագրերը որակել ու գրանցել որպես բարեգործական, չեղյալ ճանաչել դրանք, որոշել բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների ու ծառայությունների շրջանակը։
Հանձնաժողովը պետք է վարի բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը, ստանա նման ծրագրերի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն։ Կառույցը կարող է բարեգործական ծրագրերում ստուգում անցկացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել: