20/06/2018 16:50
«Ռոսատոմ» ընկերության հրավերով հայ ուսանողներն այցելել են Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ
«Ամենախելացին» հեռուստատեսային խաղի մրցանակակիրներ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Հայկազ Մելքումյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Հովհաննես Սիսոյանը «Ռոսատոմ» ընկերության հրավերով այցելել են Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։
Իր տեսակի մեջ բացառիկ «Զարյադյե» այգում Հայկազն ու Հովհաննեսը հանդիպել են «Ռուսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ, ով պատմել է ընկերության ծրագրերի, այն աշխատանքների մասին, որոնք այս պահին իրականացման փուլում են, ինչպես նաև՝ շահագործման ժամկետի երկարաձգումից հետո ՀԱԷԿ-ի համար առկա հեռանկարների մասին:
Ուղևորության շրջանակներում տեղի ունեցել նաև այցելություն Էլեկտրոստալ քաղաքում (Մոսկվայի մարզ) գտնվող ՏՎԷԼ- «Մեքենաշինական գործարան» ԲԲԸ, որտեղ արտադրվում է միջուկային վառելիք ատոմակայանների, ատոմային սառցահատների և սուզանավերի համար: Ձեռնարկության մասնագետները պատմել են էլեկտրաէներգիայի արտադրության ամբողջ ընթացքը, թե ինչպես է ուրանը խտացվում և վերածվում վառելիքային հաբերի, ինչպես են այդ հաբերը դառնում ջերմարձակող տարրեր, և ինչպես է այնուհետև վառելիքը տալիս իր էներգիան էլեկտրականության արտադրության համար:
«Կարևոր էր, որ հնարավորություն ընձեռվեց այցելելու այս ձեռնարկություն: ՏՎԷԼ ընկերությունը միջուկային վառելիքի արտադրության բնագավառում աշխարհի առաջատար ընկերություններից է և տիրապետում է բացառիկ տեխնոլոգիաների։ Այցելությունը նման ձեռնարկություն հիանալի առիթ է ստանալու նոր գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ: Վստահ եմ, որ Հայաստանը մեծ ներուժ ունի միջուկային էներգիայի զարգացման համար, և հնարավոր է, որ իմ աշխատանքն ուղղակիորեն կապված լինի խաղաղ ատոմի հետ», - նշել է Հովհաննես Սիսոյանը, ով «Ֆիզիկա» անվանակարգում «Ամանախելացին» տիտղոսակիրն է:
Երիտասարդները եղան նաև «Սկոլկովո» տեխնոպարկում, հանդիպել են հայաստանցի ուսանողների հետ, որոնք այժմ ուսանում են Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում (ՄԻՖԻ)։ Հայկազն ու Հովհաննեսն այցելել են Սանկտ Պետերբուրգի «Ուժային մեքենաներ» ընկերության գործարան, որի արտադրամասերում պատրաստվում են սարքավորումների որոշ տեսակներ՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար։
Այստեղ տղաների հետ հանդիպեց «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Բրեդովը, նա ռուսական կողմից ղեկավարում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը։
«Իրազննությունը և պրակտիկ գիտելիքները խիստ կարևոր են ուսանողների համար: Դրանք մեծացնում են ուսման նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը, նրանց տալիս են լրացուցիչ շարժառիթ», - ասել է Հայկազ Մելքումյանը: