20/06/2018 12:56
ՄԻՊ-ն ու Գեղարքունիքի մարզպետը պայմանավորվել են անհետևանք չթողնել քաղաքացիների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց
Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Արման Թաթոյանը շնորհավորել է մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ներկայացրել այն խնդիրները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից բարձրացվել են ՄԻՊ գրասենյակում:
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ դրանք առնչվում են սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և ՏԻՄ ոլորտներին:
Մարզի ղեկավարը և Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնորեն քննարկել են ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված տեղեկանքում ներառված ոլորտային խնդիրները և պայմանավորվել բարձրացված յուրաքանչյուր հարցի շուրջ կազմակերպել լրացուցիչ քննարկում և հնարավորությունների սահմանում լուծում տալ քաղաքացիների պահանջներին:
Կողմերը պայմանավորվել են՝ աշխատանքներն իրականացնել համագործակցված և համատեղ՝ անհետևանք չթողնելով քաղաքացիների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց: