20/06/2018 11:15
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի. Էդուարդ Շարմազանով
Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ և հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: ԱԺ փոխնախագահը կարևորել է Հայաստանի և Հունաստանի միջև առկա հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության ոլորտների ընդլայնումը:
Անդրադառնալով միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը՝ կողմերը կարեւորել են միմյանց աջակցելու անհրաժեշտությունը:
Խոսելով Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Հունաստանի խորհրդարանն այն կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանին՝ Ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ ընդունելու համար: Նա ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ընդունել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարություն, որի համահեղինակն է նաև ինքը:
«Հայերը և հույները ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են: Թուրքիայի ապակառուցողական ու ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին: Նա վստահություն է հայտնել, որ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում լավագույն թեկնածուն անդամ պետությունների հետ որևէ կոնֆլիկտ չունեցող և ժողովրդավարական արժեքների մեծ ավանդույթ ունեցող պետության ներկայացուցիչը պետք է լինի: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ գլխավոր քարտուղարի կարեւորագույն հատկանիշներից մեկը պետք է լինի անկողմնակալությունը, ինչը պետք է հաշվի առնվի ընտրությունների անցկացման գործընթացում:
Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: