20/06/2018 14:23
Սթոլտենբերգը կարծում է, որ այժմ ամենավտանգավոր պահն է սառը պատերազմի ժամանակներից ի վեր
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը կարծում է, որ ներկա ժամանակաշրջանն ամենավտանգավորն է սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր: Համապատասխան հայտարարությունը նա արել է El Mundo թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի, փոխանցում է ТАСС-ը:
«Այժմ աշխարհն անհամեմատ ավելի անկանխատեսելի է, ինչը մեզանից հնարավորություն է պահանջում՝ հակազդել միաժամանակ տարբեր ուղղություններից եկող սպառնալիքներին», - նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ «գլոբալ մասշտաբով սա ամենավտանգավոր պահն է առնվազն սառը պատերազմի ավարտից հետո»:
«Շատ տարբերություններ կան դաշինքի սպառնալիքների միջև», - ընդգծել է Սթոլտենբերգը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամների միջև «անցյալում էլ տարբեր տեսլականներ են եղել մի շարք հարցերի շուրջ, բայց ամեն անգամ մենք ի վիճակի ենք եղել համաձայնության գալ»:
«Ես չեմ ասում, որ այսօր գոյություն չունեն լուրջ տարաձայնություններ: Բայց պատմական դասն այն Է, որ դաշինքը կատարում է գլխավոր հանձնառությունը՝ պաշտպանությունը: Անկասկած, այսօր մենք տարաձայնություններ ենք տեսնում առևտրի, կլիմայի փոփոխմանը, իրանական համաձայնագրին վերաբերող հարցերում, բայց միևնույն ժամանակ ատլանտյան համագործակցությունն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ», - ընդգծել է Սթոլտենբերգը:
«Ռուսաստանը գիտի, որ մենք երբեք այնպիսի բան թույլ չենք տա ՆԱՏՕ-ի անդամի հետ, ինչ տեղի ունեցավ Ղրիմում: Միևնույն ժամանակ մենք հասկանալ ենք տալիս, որ նոր սառը պատերազմ կամ սպառազինությունների մրցավազք չենք ցանկանում: Ռուսաստանը մեր հարևանն է, ուստի մենք կշարունակենք ջանալ՝ բարելավելու հարաբերությունները», - ասել է գլխավոր քարտուղարը: