21/06/2018 13:55
Արտահերթ համագումար, աուդիտ, Մանվել Գրիգորյանի լիազորությունների կասեցում. ԵԿՄ-ում քննարկում են կառույցի ճակատագիրը
Երկրապահ կամավորականների միությունում այս պահին քննարկումներ են ընթանում համակարգող խորհուրդ ստեղծելու ուղղությամբ։
ԵԿՄ շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Սմբատ Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մեղադրանքներին՝ նշելով, որ իրավապահ մարմինները քննություն են իրականացնում, և դատարանը կտա գնահատականներ։
«ԵԿՄ-ում ստեղծվել է նախաձեռնող խումբը, որը պետք է սկսի աշխատանքներ ԵԿՄ արտահերթ համագումար նախաձեռնելու ուղղությամբ։ Մենք պնդում ենք նաև, որ անպայման աուդիտի խնդիր կա, քանի որ շատ հնարավոր է, որ ներսում լիքը խնդիրներ կան և դրա պատասխանատվությունը մենք չվերցնենք մեզ վրա։ Թող պետությունն աուդիտի ենթարկի ԵԿՄ-ն», - հայտարարեց Հակոբյանը։
Ազատամարտիկի խոսքով՝ ԱԱԾ-ն, իրավապահները պետք է մաքրեն ամեն ինչ՝ պարզելու իրականաությունը։
«Ի վերջո, հո Մանվելը մենակ չի՞ կերել։ Մի հատ պետք է մարդիկ ստուգեն, տեսնեն՝ ովքեր են Մանվելի խունտայի մեջ, ովքեր են մասնակցել թալանին, զինվորի պայոկը ուտելուն։ Ովքեր մեղսակցությանը մասնակից են, պետք է պատժվեն», - նկատեց ազատամարտիկը։
Նա նաև ասաց, որ ԵԿՄ-ն իրենք տեսնում են առանց նախագահի, իսկ որոշումները կարող են ընդունվել փոխհամաձայնությամբ։
«Մենք բոլորս վարչությանն առաջարկում ենք, որ տեղի ունենա ԵԿՄ արտահերթ համագումար, իրականացվի աուդիտ և կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները որպես ԵԿՄ վարչության նախագահ։ Այսօր ԵԿՄ վարչության անդամների հետ պետք է հարցը քննարկվի», - ներկայացրեց Հակոբյանը։
Հարցին, թե արդյոք առաջարկվում է Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից, Հակոբյանն ասաց, որ ճիշտ և կոռեկտ չէ երկրապահների կողմից նման առաջարկ ներկայացնելը։
«Եկեք ճիշտը խոսենք՝ նման առաջարկ անելը մեր կողմից կոռեկտ չէ, բայց իրականության մեջ, իհարկե, դրա անհրաժեշտությունը կա», -հավելեց ազատամարտիկը։
Նշենք, որ ԵԿՄ-ում այս խորհրդակցությանը մասնակցում են այնպիսի ազատամարտիկներ, ովքեր Մանվել Գրիգորյանի հետ ունեցել են տարաձայնություններ և երկար տարիներով ոտք չեն դրել միության շենք։