21/06/2018 14:50
«Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանը ևս ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր որոշեց բավարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի փաստաբանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին։
Լամբարյանը, որը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելը, ազատ կարձակվի 500,000 դրամ գրավի դիմաց։
Այսպիսով, Արմեն Լամբարյանը դարձավ «Սասնա ծռեր» խմբի 10-րդ անդամը, որի խափանման միջոց կալանքը փոխվեց և նա ազատ արձակվեց։ Մինչ այդ կալանքից ազատ էին արձակվել՝ Հովհաննես Հարությունյանը, Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։