21/06/2018 12:37
Առաջիկայում Հայաստանում կմեկնարկի չարտերային ուղղաթիռային թռիչքների իրականացումը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տեղեկացնում են քաղավիացիայի լրատվական ծառայությունից:
Ընկերությունն այսուհետ ամերիկյան «Robinson R66» և մոտ ապագայում նաև եվրոպական «AIRBUS EC130T2» ուղղաթիռներով ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ կիրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից:
Ընկերության գործունեությունը կարող է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը և Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացմանը:
Հիշեցնենք, ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր: