21/06/2018 11:28
Ձեր անունը տալով՝ ես երբեք Ձեզ նկատի չեմ ունեցել. Հակոբ Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանին
Մենք հանձնաժողովում սկի մարդ չունենք, ինչպես կարող ենք ձեռնպահ քվեարկել, խորհրդարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով երկու օր առաջ իր ու Հակոբ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Երբ նախագիծը քննարկվում էր, Հակոբյանը տվեց իմ անունը և ասաց՝ «հանձնաժողովում ձեռնպահ եք քննարկում, իմացեք՝ ինչ եք անում»։ Ես տեղից ասացի, որ էդ հանձնաժողովում մարդ չունենք սկի, ոնց կարող ենք ձեռնպահ քվեարկել, հետո ստեղ ասել կողմ ենք», - նշեց նա։
Հակոբյանն ի պատասխան ասաց.
«Տեղեկացնեմ, որ ես նորից գնացել, իմ ելույթը լսել եմ և այո՛, ձեր անունը տալով՝ ես երբեք ձեզ նկատի չեմ ունեցել։ Երբ դուք հանձնաժողովում չունեք անդամ, որը պետք է քվեարկի, ինչպե՞ս դուք կարող եք ձեռնպահ քվեարկել, իմ ասածը վերաբերում էր կառավարությունը կազմող ուժերին, որոնք նիստին քվեարկել են ձեռնպահ»։
Օգտվելով առիթից՝ Հակոբյանն անդրադարձավ իր մասնակցությամբ ամիսներ առաջ լրատվամիջոցում աղմուկ բարձրացրաձ հրապարակմանը։
«Լրատվական դաշտում սենց բաներ շատ են լինում։ Ես հայտնի հարցազրույց եմ ունեցել ու ոչ կարտոշկայի անուն եմ տվել, ոչ մսի անուն եմ տվել, բայց հիմա ամբողջ հասարակությունը գիտի՝ ես մսի անուն եմ տվել։ Հարգելի ժողովուրդ, ես նման բան չեմ արել ու եթե արած էլ լինեի, անպայման ներողություն կխնդրեի, իսկ մինչև հիմա չէի անդրադարձել դրան, որովհետև չեմ արել նման բան», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը նշել էր, որ թանկացումը աղքատների վրա ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ աղքատները խուսափելու են թանկացած ապրանք գնելուց, իսկ կարտոֆիլի ու մսի համեմատությունն արել էր ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով հայտարարել էր, որ եթե մարդ օգտագործում է միայն կարտոֆիլ, ուրեմն մսի թանկացման դեպքում, միևնունն է, մարդը գումար չունի միս գնելու ու շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։