21/06/2018 11:22
Պայմանավորվածության ենք եկել. վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումին և նշեց, որ չի ընդունել այն:
«Ես չեմ ընդունել հրաժարականը և մենք վերջին օրերի քննարկումների արդյունքում որոշել ենք համատեղ շարունակել աշխատանքը և նաև աշխատել այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությանը, այլ նաև հանրությանը», - ասաց վարչապետը՝ նշելով, որ խոսքը կուտակային կեսնաթոշակային պարտադիր համակարգի մասին է:
«Ինչպես պայմանավորվել ենք նախկինում, մենք պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի, հուսալի դարձնելու համար, որ վստահ լինենք, որ ճիշտ ճանապահով ենք գնում», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այդ որոշումն ընդունելով՝ նախևառաջ փորձել են ժամանակ շահել և առանց ցայտնոտի շահագրգիռ քննարկում ունենալ:
«Համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի, և մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանի, կառավարության մյուս անդամների, հանրության հետ կաշխատենք», - ասաց նա և նշեց, որ առաջիկա երկու ամսում կաշխատեն, որ ունենան խնդիրների ցանկը:
Մանե Թանդիլյանն արձագանքելով ասաց, որ հրաժարականի պատճառը սկզբունքների անհամաձայնությունն է եղել և ուրախ է, որ վարչապետն անդրադարձավ այդ սկզբունքների փոփոխության անհրաժեշտությանը:
«Ես պատրաստ եմ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծը գործընկերներին, հանրության քննարկմանը ներկայացնելու համար», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ լուծումները հունվարից մեկից կգործարկվեն։
Մանե Թանդիլյանն ասաց, որ նախարարությունում շատ խնդիրներ կան և կշարունակի պաշտոնավորել այդ խնդիրներին լուծումներ տալու համար: