21/06/2018 14:15
«Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների շուրջ որևէ կոմպրոմիս չի կայացել. Վարչապետի խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանին
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը անդրադարձել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի երեկ արած հայտարարությանը, թե «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններին իրենք կողմ են, քանի որ կառավարության հետ կայացել է կոմպրոմիս։
Մանսավորապես, «Արմենպրեսը» վարչապետի խոսնակից հետաքրքրվել է, թե վերջին օրերին Ազգային ժողովում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ դարձավ: Բայցևայնպես փոփոխությունների նախագիծն ընդունվեց, ինչպես ասվեց, քննարկումների և կոմպրոմիսի միջոցով: Կպարզաբանեի՞ք, թե ինչ կոմպրոմիսների մասին է խոսքը:
Ի պատասխան, Եղոյանն ասել է. «Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որևէ փոփոխություն չի կրել և օրենքը ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս կառավարությունը որևէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետև նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»:
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր քննարկումներին և տեղեկացրել, որ երեկ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախագծի հետ կապված քննարկումներ եղել են և իրենց մտահոգությունները հանված են նախագծից։
«Կոմպրոմիսը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը քվեարկում է կողմ», - ասել էր Զոհրաբյանը։