21/06/2018 16:08
Ամուլսարի թթվային դրենաժը կառավարելի է. Փորձագետներն ու «Lydian»-ը հակադարձում են (Տեսանյութ)
Հունիսի 20-ին Երևանում տեղի ունեցավ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ միջազգային փորձագետների ամփոփիչ եզրակացության ներկայացումը, որին ներկա էին Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչներ, Ջերմուկ քաղաքի բնակիչներ, հետաքրքրված այլ անձիք:
Ուսումնասիրությունը փորձագետները կատարել են ԱՄՆ-ում բնակվող հայազգի Հարութ Բրոնոզյանի պատվերով` հիմվելով «Lydian International» ընկերության կայքում առկա փաստաթղթերի վրա:
««Lydian» ընկերությունը եկավ Լոս Անջելես և Նյու Յորք 2014թ.-ին և իրենք հանդիպում ունեցան 25 անձանց հետ յուրաքանչյուր քաղաքում, որպեսզի ներկայացնեն այս ծրագիրը: Ես 25 տարի ինդուստրիալ ջրերի մաքրման գծով աշխատել եմ և մասնագետ եմ: Երբ տեսա իրենց ծրագիրը, ես նայեցի իրենց մեկ էջի սխեմատիկ դիագրամին և միայն դրա վերաբերյալ մոտ 50 հարց ուղարկեցի ընկերությանն էլեկտրոնային փոստի միջոցով: Իրենք սիրահոժար պատասխանեցին: Մեր հարաբերությունը շատ նորմալ էր: Մի քանի ամիս անց՝ ուսումնասիրելով ծրագիրը`տեսա, որ տեղանքը երեք գետերի, երկու ջրամբարների միջև է ու դրանով այն բվականին վտանգավոր ու զգայուն», - լրագրողների հետ զրույցում ասաց Հարութ Բրոնոզյանը:
Նա նշեց, որ վտանգները տեսնելով էլ որոշել է նման ուսումասնիրություն պատվիրել միջազգային փորձագետներին, ովքեր սակայն, աշխատել են ոչ տեղում և հիմնվել են «Lydian International» ընկերության ներկայացրած փաստաթղթերի վրա:
«Տեղում ուսումնասիրություններ անելը մեր գործը չէ`իրենց գործն է, կամ որևէ մեկը մեզ պետք է ասի: Դա իրենց ծրագիրն է, իրենք պետք է ուսումնասիրեին: Մենք պարզապես իրենց ուսումնասիրությանը բացատրություն, մեկնաբանություն ենք տալիս: Մենք կասեցնելու մասին չենք խոսում`ցույց ենք տալիս սխալներն ու թուլությունները», - ասաց Հարութ Բրոնոզյանը:
Ըստ փորձագետների ուսումնասիրության` ներկա վիճակով Ամուլսարի ծրագիրը բարձր ռիսկ է ներկայացնում տասնամյակներ և ավելի տևող թթվային դրենաժի առաջացման և աղտոտիչների արտազատման առումով, ինչը պայմանավորված է դատարկ ապարներին և հանքաքարին բնորոշ նկարագրով և տեղադրմամբ, երկրաքիմիական անբավարար գնահատումով, ջրի որակի ոչ բավարար և պատշաճ կանխատեսումներով, ազդեցությունը մեղմացնող միջոցառումների չափից դուրս լավատեսությամբ:
«Հայաստանի կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն այս ծրագրի առաջխաղացումը մինչև վերոնշյալ բացթողումները չշտկվեն», - ասվում է եզրակացության ամփոփման մեջ:
Ինչ վերաբերում է «Lydian International» ընկերությանն, ապա Aysor.am-ի հետ զրույցում ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը նշեց, որ իրենք ծանոթ են վերոնշյալ եզրակացությանը:
«Եզրակացություններին լավ ծանոթ ենք: Մենք մի քանի անգամ մանրամասն անդրադարձել ենք դրանց միջազգային մասնագետների օգնությամբ: Մեր խորին համոզմամբ մենք բոլոր ճիշտ միջոցառումներն ու նախագծերն ունենք, որպեսզի ճիշտ պատկերացում ունենանք, թե ինչ է կատարվում մեր հանքավայրերում թթվային դրենաժների առաջացման և կառավարման առումով և համապատասխանաբար կառավարել դրանք», - ասաց Արմեն Ստեփանյանը:
Ըստ նրա`ստացված եզրակացությունում թերությունները շատ են:
«Առհասարակ մեր ամբողջ նախագիծը հիմնված է աղտոտման կանխարգլման վրա: Ուշագրավ է, որ նույնսիկ այս փորձագետներն ընդունում են, որ թթվային դրենաժը կառավարելի է, մասնավորապես`Ամուլսարում ևս», - ասաց «Lydian International»-ի ներկայացուցիչը: