22/06/2018 15:47
Սասուն Միքայելյանը դատարանում ողջագուրվեց Վահան Շիրխանյանի հետ ու երաշխավորեց նրա ազատության համար
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն և Նորք Մարաշ նստավայր) այսօր շարունակվող զինված խմբի գործով դատական նիստում Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը երաշխավորեցին նույն գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի ազատության համար։ Նրանք ներկայացրին միջնորդություն՝ խնդրելով գրավի դիմաց փոխել Շիրխանյանի խափանման միջոց կալանքը։
Նիստը վարող դատավոր Արմեն Բեկթաշյանը երաշխավորներին ծանոթացրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները, երաշխավորներն ասացին, որ ծանոթ են՝ ինչ հոդվածներ են մեղսագրվում Շիրխանյանին։ Դատավորը, դիմելով Միքայելյանին, ասաց, որ առանձնապես ծանր հոդվածներով է Շիրխանյանը մեղադրվում և հարցրեց՝ պնդո՞ւմ է երաշխավորությունը, ինչին Միքայելյանը պատասխանեց.
«Պնդում եմ։ Համ էլ էն իշխանությունը մեռեր ա արդեն»։ Երաշխավորությունը դատարանում պնդեց նաև մյուս պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Դատավոր Բեկթաշյանը հայտարարեց, որ միջնորդության քննարկումը հետաձգվում է մինչև հունիսի 25-ը։ Երբ նիստն ավարտվեց, Սասուն Միքայելյանը մոտեցավ սայլակին նստած Վահան Շիրխանյանին ու ողջագուրվեց նրա հետ։
Նշենք, որ այս նիստում կալանքի փոփոխության միջնորդություններ ներկայացվեցին նաև այս գործով ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանի և Խաչիկ Ավետիսյանի համար, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունները։ Դատարանը բավարարեց նաև ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։