22/06/2018 14:11
«Սպառնում են ինձ մորթել, կտոր-կտոր անել». Մանվել Գրիգորյանի փաստաբանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել
Ազգային ժողովի պատգամավոր, ազատազրկման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը գրեթե ամեն օր ու ամեն պահի ֆեյսբուքյան անձնական էջին սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունենր է ստանում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ զանգել է ոստիկանություն և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։
«Ֆեյսբուքյան անձնական էջում օգտատերը սպառնալիքներ է հնչեցնում՝ գրում է տանդ հասցեն ասա, գանք քեզ մորթենք, հազար կտոր անենք ընտանիքիդ անդամների հետ։ Ու էս ամենը էն պատճառով, որ ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանի շահերը», - ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ չի ուսումնասիրել իր հասցեին սպառնալիք հնչեցրած օգտատերերի ֆեյսբուքյան հաշիվները և չի կարող ասել կե՞ղծ են դրանք, թե՞ ոչ։
«Թող իրավապահներն ստուգեն», - ասաց Մկրտչյանը։
Փաստաբանն ասաց, որ նման հարցերի վրա շատ ժամանակ է ծախսում, ինչն էլ իրեն խոչընդոտում է Մանվել Գրիգորյանին վերաբերող հսկայածավալ քրեական գործի վրա ուշադրությունը սևեռելու համար։
Հիշեցնենք՝ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ Նա կալանավորված է։