26/06/2018 11:30
Բաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռներ մատակարարելու շուրջ Արփինե Հովհաննիսյանի մտահոգություններով նամակը հասել է հասցեատիրոջը
Բաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռներ մատակարարելու շուրջ մտահոգությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակ էր հղել հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին։ Այսօր արդեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսօր խոսել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, որը նախկինում զինվորական է եղել։
«Հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում՝ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները: Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն», - գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ օրերս Բաքվի երկնքում նկատվել էին ամերիկյան «Bell 412» ուղղաթիռներ, որոնք, ըստ տարբեր լրատվական աղբյուրների, ԱՄՆ-ն վաճառել է Ադրբեջանին: