28/06/2018 17:12
«Мать твою». Արցախի խորհրդարանում պատգամավորների միջև հայհոյանքներով միջադեպ է տեղի ունեցել (Տեսանյութ)
Այսօր Արցախի Ազգայի ժողովում երկրի բյուջեի քննարկման ժամանակ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի և «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, գրում է «Ապառաժ»-ը:
Ժաննա Գալստյանը, արձագանքելով Խանումյանի հայտարարությանը, թե ինքը դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին, ասել է. «Мать твою»։ Դա, սակայն, անպատասխան չի մնացել, և Խանումյանն էլ իր հերթին է հայհոյանքներով վիրավորել Գալստյանին։
Ըստ աղբյուրի, միջադեպից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորներին զրկել է ձայնի իրավունքից: Միջադեպի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու հանգամանքով ԱԺ-ն որոշել է ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ միջադեպի վերաբերյալ ԱԺ եզրակացությունը ներկայացնելու համար: Հանձնաժողովում ընդգրկվել են ԱԺ-ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվել է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 28-ը:
Նշենք, որ ԱԺ լիագումար նիստից հետո միջադեպին մասնակից պատգամավորները ներողություն են խնդրել ներկաներից՝ Ժաննա Գալստյանը դահլիճում, Հայկ Խանումյանը՝ սոցիալական ցանցերում: