28/06/2018 17:25
Ամեն ինչ արվելու է, որ Հայաստանը, մասնավորապես, Գյումրին ազատվի տնակներ ունենալու խարանից. Վարչապետի օգնական
Անօթևանություն ունեցող մարդկանց խնդիրը շատ սուր է դրված, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղոդրման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը։
«2015 թվականին ընկերոջս հետ միասին իրականացրել ենք «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, որի արդյունքում 26 ընտանիք բնակարան ստացավ», - ասաց նա։
Արեն Մկրտչյանն ընդգծեց, որ անօթևանության հարցը իր համար մեծ կարևորության հարց է։
«Երբեք չեմ մոռանա, երբ տնակներից մեկում վազելով երեխա մոտեցավ կիսատ ականջով, հարցրեցի՝ ի՞նչ է եղել, ծնողն ասաց, թե քնած ժամանակ առնետն է կերել երեխայի ականջը, դրանք դրվագներ են, որ երբեք չեն մոռացվի», - նշեց նա։
Վարչապետի օգնականն ընդգծեց, որ, միևնույն ժամանակ, տեղեկություններ էին ստացվում, որ Հայաստանում կան առանձնատներ, որտեղ կան զուգարանակոնքեր մի քանի միլիոն դրամ արժողությամբ։
«Երբ հարցնում էի այդ զուգարանակոնքերի տարբերությունը սովորական զուգարանակոնքից ո՞րն է, ինձ ասում էին, որ կարիքները հոգալուց հետո էլեկտրոնային փոստին զուգարանակոնքի մեջ տեղադրված համակարգը մեզի անալիզի պատասխաններ է ուղարկում», - ասաց Արեն Մկրտչյանը։
Նա ընդգծեց՝ հնարավոր ամեն ինչ արվելու է, որպեսզի Հայաստանը, մասնավորապես, Գյումրին ազատվի տնակներ ունենալու խարանից։