03/07/2018 19:16
Թրամփը պաշտպանության բյուջեն ավելացրելու կոչով նամակներ է հղել ՆԱՏՕ–ի անդամ երկրներին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ–ի անդամ երկրների առաջնորդներին նամակներ է հղել, որում հիասթափություն է հայտնել, որ Դաշինքի մի քանի անդամ չեն ավելացրել պաշտպանության ծախսերը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times–ին։
Պարբերականի տվյալներով, նամակն ուղարկվել է նախորդ ամիս, հասցեատերերի թվում են Գերմանիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Կանադայի առաջնորդները:
«Ինչպես մենք արդեն քննարկել ենք ապրիլին ձեր այցի ժամանակ, ԱՄՆ–ում աճում է հիասթափությունը այն բանի պատճառով, որ մի քանի դաշնակից չեն ավելացրել [պաշտպանության ծախսերը], ինչպես խոստացել էին», – գրել է նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։
Նամակում Թրամփը նշել է, որ անբավարար պաշտպանական բյուջեն բացասաբար է ազդում ՆԱՏՕ–ի անվտանգության վրա, նաև դրդում է Դաշինքի դաշնակիցներին չկատարել պաշտպանության ծախսերի ավելացման խոստումը՝ մերժող երկրների օրինակին հետևելով։
Պարբերականը նաև նշել է, որ նման ձևակերպումներ Թրամփն ընտրել է նաև ՆԱՏՕ–ի մյուս անդամ երկրների առաջնորդներին ուղղված նամակներում։