04/07/2018 11:23
Ոչ ներկա եմ եղել, ոչ էլ՝ ականատես. ԱԻ նախարարը՝ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված միջադեպի մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում է՝ ոչ ներկա է եղել Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված միջադեպին, ոչ էլ՝ ականատես:
«Ձեր ասած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես», - կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Հարցին՝ ճանաչում էր տուժողին, նախարարը պատասխանեց. «Իհարկե»:
Հարցին՝ ինչ-որ խնդիր կա՞ անձի հետ կապված, Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել:
Նախարարը չասաց, թե ինչ է հաղորդել ՀՔԾ-ում, երբ հրվաիրվել էր հարցաքննության:
«Դա գաղտնիք է», - նշեց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տուժողը հաղորդում է տվել և պատմել, որ իրեն հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին նեկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ Էդուարդ Բաբայանը ձերբակալված է։
Բացի հայդ, հաղորդել էինք, որ միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է Քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին: