06/07/2018 12:50
Լարված իրավիճակ՝ Մայր Աթոռում. Դիվանատան շենքում են նաև ոստիկաններ
Մայր աթոռ Սբ. Էջմիածնում այս պահին լարված իրավիճակ է։ Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք։
Aysor.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենց վրա է հարձակվել մի քանի հոգևորական, այս պահին Դիվանատան շենքում են նաև ոստիկաններ։
«Քիչ առաջ դիվանապետն այստեղ խոստովանեց, որ կաթողիկոսը Սուրբ Գեղարդից մի կտոր է կտրել և տվել ուրիշի։ Հիմա բոլորս այստեղ ենք և չենք գնալու, մինչև կաթողիկոսը հրապարակավ չասի, թե ինչպես է կտրել և վաճառել Գեղարդը», - ասաց Կարեն Պետրոսյանը։
Ակտվիստը նշեց նաև, որ այդ տարածքից ոչ-ոք իրենց դուրս հանելու իրավունք չունի։
«Սա մեր տարածքն է։ Մենք եկել ենք ժողովին մասնակցելու, իրենք ապօրինի ժողով են անում», - ասաց Կարեն Պետրոսյանը։
Հարցին, թե օրինական են արդյոք ակտիվիստների գործողությունները, Կարեն Պետրոսյանը պատասխանեց.
«Եթե իրավունք չունենք մտնելու տարածք, թող ոստիկանություն կանչեն, բերման ենթարկեն»։