06/07/2018 16:04
Էդուարդ Բաբայանը որևէ մեկին չի հարվածել. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է մեկնաբանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ միջադեպը և միաժամանակ հերքում է, որ նա մարդ է ծեծել։
«Այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ կարող անել կատարվածի վերաբերյալ, բայց կարող եմ ասել, որ տուժողը հստակ ներկայացրել է իր խոսքը, որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ անձի կողմից։ Խնդրում եմ՝ հիմք ընդունեք տուժողի հայտարարությունը։ Այս թեմայի վերաբերյալ որևէ հարցի ես չեմ պատասխանելու», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը ստիպված եղավ մի քանի անգամ կրկնել, որ ինքն այդ թեմայի վերաբերյալ որևէ հարցի չի պատասխանելու, քանի որ լրագրողների՝ նրան ուղղված հարցերը միայն այդ թեմայի շուրջ էին։
«Տարբեր ձևակերպմամբ այդ թեմայի շուրջ որևէ հարցի չեմ պատասխանելու։ Գործը գտնվում է իրավական համակարգի տիրույթում, և որևէ մեկնաբանություն չեմ անելու», - ասաց պատգամավորն ու հեռացավ։
Նշենք, որ «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ Էդուարդ Բաբայանին Հատուկ քննչական կոմիտեն արդեն իսկ մեղադրանք է առաջադրել, և դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը ու որոշել երկու ամսով կալանավորել Բաբայանին։
Վերջինին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝«Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։
Տուժողը Վյաչեսլավ Հարությունովն է, որն իր նախնական ցուցմունքներում ասել էր, թե իրեն ծեծել է Էդուարդ Բաբայանը, իսկ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հարվածել է իրեն։ Դեպքի ժամանակ, դարձյալ ըստ տուժողի նախնական ցուցմունքի, ներկա է եղել նաև ԱԻ նախարար Ռոստոմյանը։ Այնուհետև ավելի ուշ տուժողը և իր կինը հայտարարեցին, թե Վյաչեսլավ Հարությունովը «Օլիմպավանում» սայթաքել է և ստացել վնասվածքներ, իսկ ինքը Ծառուկյանից որևէ բողոք չունի։
Սակայն քրեական գործն արդեն հարուցվել է 112 հոդվածի հատկանիշներով, ինչը մասնավոր գանգատի գործ չէ և ամենևին էլ կապ չունի՝ տուժողը բողոք ունի՞, թե ոչ, միևնույնն է, քննությունն ընթանալու է։