06/07/2018 22:13
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Մասնավորապես, ըստ աղբյուրի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն)՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը, Գ.Համբարձումյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկման փուլում է:
Նշենք, որ սա արդեն երկրորդ անգամ է նախաքննական մարմինը Դավիթ Համբարձումյանին կալանավորելու միջնորդությամբ մտնում դատարան։ Առաջին անգամ դատարանը որոշել էր ստորագրությամբ ազատ արձակել Համբարձումյանին՝ պատճառաբանելով, որ կալանքի համար հիմքեր չկան։