10/07/2018 12:42
Հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ. նախարարը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին (Տեսանյութ)
Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Դրանք մի քանի բաղադրիչով են լինելու: Նախնական ստուգումների համար 10 աշխատանքային օր է նախատեսված: Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը ՀՀ համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը կենսաբազմազանությամբ և իր բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական կետերից մեկն է», - նշեց նա:
Նախարարը նկատեց, որ իր կարծիքով երկարաժամկետ ծավալով հանքարդյունաբերության նման ծավալները արդարացված չեն:
«Կրկին ուզում եմ շեշտել, որ կան իրավաբական և բովանդակային գործընթացներ: Ամեն ինչ օրենսդրական շրջանակում է իրականացվում, որպեսզի չկատարենք այնպիսի քայլեր, որոնք ռիսկեր կառաջացեն ՀՀ համար՝ այդ թվում իրավական, ֆինանսական և ռեպուտացիոն», - ընդգծեց նախարարը: