11/07/2018 11:04
Ինչպես չձանձրանալ Արենիում կամ մեկ օր՝ «Դավիթի մոտ». Լուսանկարներ
Վայոց ձորի մարզի Արենի գյուղում է գտնվում Areni Wine Art հյուրատունը կամ, ինչպես բոլորին է հայտնի, Արենիի «Դավիթի մոտ»-ը։
Լրագրողական խմբին դիմավորում է հյուրատան հիմնադիրը՝ Դավիթը, որը հաստատում է՝ իր բազմաթիվ հյուրերից գրեթե կեսը այստեղ գալիս է որպես «Դավիթի մոտ»։
Դավիթը սկզբում բիզնեսը սկսել է՝ փոքր գործեր անելով, իսկ հետագայում, տեսնելով մեծ պոտենցիալը, սկսել է մեծ գործեր անել։
«Առաջին տարին, որ տեսա պոտենցիալը, սկսեցի ավելացնել, 2015-ին մեծ վարկեր վերցրեցի ու...խրվեցի», - կատակում է նա։
Նշում է՝ եթե ամեն տարի չցանկանա ինչ-որ նոր բան ավելացնել հյուրատանը, հիմա վաղուց «փակել էր վարկերը»։
Այցելուների պակաս Areni Wine Art-ը չունի. տարեկան ընդունում են մոտ հինգ հազար այցելու։
«Երկու տեսակի մարդիկ են լինում այստեղ՝ որ գալիս են մնալու, մյուսն էլ տուրիստական ընկերություններն են բերում, կազմակերպում ենք լանչերը», - նշում է Արենիի Դավիթը։
Դավիթը նշում է, որ այս աշխատանքն ապահովում է իր լիարեք կյանքն ու ոչ միայն։
«Այս աշխատանքն ապահովում է ոչ միայն իմ, այլև՝ 7-8 գյուղացու կյանք, որոնք, սակայն, մշտական աշխատողներ չեն, հիմնականում ես եմ, քույրերս, մայրս, բայց ամսվա ընթացքում միջին աշխատավարձի շեմն անցնում է, օրը սկսած չորս հազարից մինչև յոթ հազար», - մանրամասնում է նա։
Պատմում է, որ հայտնի հյուրեր շատ են ընդունում, բայց ամենատպավորված հյուրը Դավիթի համար եղել է Շվեյցարիայի ֆինանսների նախկին նախարարը։
Հյուրատանն ունեն շատ գեղեցիկ գրապահարան, որտեղ տարբեր ժանրերի գրականություն է։
Հարցնում եմ՝ կարդո՞ւմ են այցելուները գրքերից, պատասխանում է. «Ավելի շատ ցրում են»։
Areni Wine Art-ում հանգստի հետ մեկտեղ կարելի է համտեսել սև քաղցր թութը, ծիրան, խնձոր և այլ մրգեր, որոնք հենց իրենք են մշակում։
Իսկ մրգերից նաև չրեր, մուրաբաներ են պատրաստում ու վաճառում տեղում, նաև մեղուներ են պահում ու անարատ մեղրը վաճառում։
Արենիի Դավիթի մոտ չեն թողնում ձանձրանալ. եթե դաշնամուրի սիրահար եք, կարող եք նվագել դաշնամուր, կիթառի սիրահար եք, կիթառը ձեզ է սպասում, սիրում եք ընթերցել, գրադարանի դռները բաց են։
Նյութը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ՝ «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում: