
11/07/2018 13:48
Ազգային եկեղեցու հեղինակազրկումն ու վարկաբեկումը երբեք մեր շահը չի եղել. «Կյանքի Խոսք»-ի մամուլի խոսնակ
Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը Facebook-յան իր էջում նշել է, թե անհիմն են փորձերը, որոնցով շաղկապում են «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը «Կյանքի խոսք» եկեղեցու հետ։
«Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման հետ «Կյանքի Խոսք» եկեղեցուն շաղկապելու ոմանց դիտավորյալ փորձերին, ապա դրանք այնքան անհիմն և զավեշտալի են, որ կարծում եմ՝ հատուկ անդրադարձի անհրաժեշտություն չկա։ Միայն նշեմ, որ այս հարցերում թե՛ «Կյանքի Խոսքի», թե՛ ընդհանուր բողոքական եկեղեցիների հետևորդների կեցվածքն այնքան զուսպ և հավասարակշիռ է, որ ուղղակի անհեթեթություն է՝ մեզ ներկայացնել որպես այս շարժման հովանավորներ։ Սրանում կարելի է պարզապես հստակ միտում տեսնել։
Մենք մշտապես հարգալից ենք վերաբերվել Հայ Առաքելական եկեղեցուն և ազգային եկեղեցու հեղինակազրկումն ու վարկաբեկումը երբեք մեր շահը չի եղել և չի էլ կարող լինել։ Մեր աղոթքն ու ցանկությունն է հոգևոր զորացած տեսնել Հայաստանի եկեղեցիներին. դրանում է քրիստոնեության ընդհանուր ձեռքբերումը»,- գրել է Արմեն Լուսյանը։