
12/07/2018 23:33
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Եվրամիության կողմից Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխության բացակայությունից
Ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ, Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք և հաջողություն կարձանագրվի, և նախկին ռեժիմին վերադարձ չի լինելու, բացառվում է», - ասաց Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով, միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել բարեփոխումները, սակայն հայցորդի կարգավիճակում չէ:
«Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ։ Կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն։ Մենք մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները», - ասաց Ն.Փաշինյանը:
Նա նշեց, որ հայտարարվել էր Եվրամիության կողմից 160 մլն եվրո տրամադրելու մասին, սակայն այդ գումարը այսպես թե այնպես նախատեսված էր։
Ն.Փաշինյանի խոսքով, ԵՄ-ն 15-20 տարի միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների համար, «իսկ մենք դա արեցինք մեկ շաբաթում»։
«Ես իմ տարակուսանքը հայտնեցի քաղաքականության փոփոխության բացակայության կապակցությամբ։ Դեռևս նրանք մեզ համար ունեն շնորհավորանքներ ու կոմպլիմենտներ, բայց մենք այն վիչակում չենք, որ այդ կոմպլիմենտներից հալվենք», - ասաց վարչապետը։