12/07/2018 19:27
Թրամփը չի բացառել, որ Պուտինի հետ կքննարկի Բալթիկայում ԱՄՆ-ի զորավարժությունների դադարեցման հարցը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ հուլիսի 16-ին Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել Բալթիկայի երկրներում ամերիկացի զինվորականների զորավարժությունների դադարեցման հարցը: Այս խոսքով Թրամփը հանդես է եկել Բրյուսելում կայացած արտապլանային մամուլի ասուլիսում, որտեղ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Թրամփի արտահայտությունը հնչել է ի պատասխան այն հարցի, թե Հելսինկիում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն արդյոք Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագրի երկարաձգման խնդիրները, Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի թեման, որի խախտման համար ամերիկյան կողմը մեղադրում է Ռուսաստանին, նաև Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորավարժությոնների դադարեցման հարցը, ինչը պնդում է Ռուսաստանը:
«Հնարավոր է՝ մենք քննարկենք դա: Ես ցանկանում եմ ասել, որ մենք կքննարկենք այդ երեք հարցերը և շատ այլ հարցեր: Մենք կխոսենք դրանց մասին», - պատասխանել է Թրամփը: