13/07/2018 15:09
Ես ռեյտինգային ընտրակարգի ջատագովն եմ. Արարատ Միրզոյան
Մեր սկզբունքն է՝ երկիրը պատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք կլինեն ազատ, արդար, թափանցիկ, այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստում հայտարարեց առաջին փոխվարչապետ, կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի համակարգող Արարատ Միրզոյանը։
Նկատենք, որ այս աշխատանքային խումբը շուրջ 6 նիստ է գումարել։ Վերջին երկու նիստերում խորհրդարանականները փորձում էին հասկանալ կառավարությանն առընթեր հանձնաժողովը և աշխատանքային խումբը մեկ միասնական օրենսգի՞րք են մշակելու, թե՞ դրանք առանձին են լինելու։ Սակայն Միրզոյանը չէր կարողանում ներկա գտնվել նիստերին, ինչի համար այսօր ներողություն խնդրեց աշխատանքային խմբի անդամներից։
Խոսելով ընտրակարգի մասին՝ առաջին փոխվարչապետն ասաց, որ ինքը ռեյտինգային ընտրակարգի ջատագովն է և ընտրվել է հենց այդ ընտրակարգով։
«Բայց նաև կարծում եմ, որ հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ իրողություններ, որոնք կան կոնկրետ ժամանակի ու տարածության մեջ, խոսքը կոնկրետ հայաստանյան իրողությունների ու զանազան դեպքերում մարդկանց անձակենտրոն ընկալումների և ոչ թե քաղաքական ուժի, այլ անձի ընտրության մասին է», - ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ անձով քաղաքական ուժին նախապատվություն տալու երևույթը վերանա և գնալ քաղաքական ինստիտուտների կայացման ճանապարհով, ինչի համար լավագույն տարբերակը համամասնական ընտրակարգն է։
«Ի վերջո, բոլոր դետալների շուրջ կարելի է համաձայնության գալ, կարելի է ունենալ 90 տոկոսանոց հայեցակարգ, որի 80 տոկոսի շուրջ կարող է կայանալ կոնսենսուս։ Բայց այս ամբողջը պետք է բխի մեր ժողովրդի առջև ունեցած առաքելությունից, որը, հուսով եմ, բոլորս գիտակցում ենք։ Բայց իմ համոզմամբ, չի կարելի անել գոնե երկու բան՝ արհեստականորեն ժամանակ ձգելը և նույն նպատակով ստեղծված երկու հանձնաժողովների միջև մրցակցությունը, մեկը մյուսի նկատմամբ գերակայություն ունենալը։ Նման խնդիր չի կարող լինել», - հայտարարեց Միրզոյանը։
Նշենք, որ գործող ընտրակարգը հենց այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգն է կամ համամասնական բաց ցուցակներով ընտրակարգը, որին դեմ է եղել նախկինում ընդդիմությունը և այժմ իշխանություն ունեցող «Ելք», «Ծառուկյան» դաշինքները, Դաշնակցություն կուսակցությունը։