13/07/2018 10:24
«Իրատես». Տուգանքների համաներում, բանտարկյալներին ազատ արձակում՝ հասարակությանը սիրաշահելու համար
«Իրատես» թերթը գրում է, որ ճանապարհային երթևեկության օրենքները խախտած ավելի քան 150 հազար քաղաքացի կարող է հանգիստ շունչ քաշել. Ազգային ժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած այն նախագծին, որով համաներում է կիրառվելու օրինազանց վարորդների նկատմամբ:
«Տրամաբանությունը հուշում է, որ երևույթը, իրավամբ, անհամաչափ է, հատկապես այն դեպքում, երբ համաներման օրենքը հետադարձ ուժ չունի: Ստացվում է՝ խախտում թույլ տված ու դրա համար որոշակի գումար վճարած վարորդներն իզուր գումար են ծախսել ու հիմա էլ մտքի մեջ կռիվ են տալիս իրենք իրենց հետ՝ «բա որ իմանայինք համաներում է լինելու, մենք էլ չէինք վճարի»: Նույն տրամաբանությամբ առաջնորդվելով՝ չի բացառվում, որ վերջիններս ապագայում կատարած օրինազանցությունների համար չեն ցանկանա պատասխանատվություն կրել՝ մտածելով, թե, մեկ է, «սիրո ու հանդուրժողականության» ֆոնին ամեն ինչ ներվում է, անցնում գնում: Խախտումներից բխող հետևանքների մասին չեն մտածի նաև այն վարորդները, որոնք վայելում են համաներման քաղցր պտուղները՝ «մեկ անգամ ներվողն էլի կներվի» սկզբունքով:
Վիճակագրության համաձայն՝ համաներման իրավունքից օգտվածները հետագայում դառնում են օրենքին ոչ պատշաճ կերպով հետևող քաղաքացիներ, ինչը, կարծես, նոր կառավարիչները հաշվի չեն առել:
Վերջիններս ուշադրությունը կենտրոնացրել են հասարակությանը դուրեկան քայլեր անելու վրա՝ համաներում կիրառել, բանտարկյալներին ազատ արձակել, աղմկահարույց հայտարարություններ անել ու տեսանյութեր հրապարակել: Պարզից էլ պարզ է՝ նման քայլերով իշխանության եկածները փորձում են օրվա զարկերակի վրա պահել ձեռքը», - գրել է թերթը: