13/07/2018 18:18
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել, ՀՀԿ-ն նաև չի մասնակցի ավագանու արտահերթ ընտրություններին. Ե. Ազարյան. Tert.am
Իմ տեղեկություններով՝ Հանրապետական խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:
Նրա տեղեկություններով՝ «Հանրապետականը» ոչ միայն քաղաքապետի, այլ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի:
«Ես որքան հասկանում եմ, ո´չ թեկնածու պետք է առաջադրվի և ո´չ էլ ընտրություններին են մասնակցելու», - նշեց Ենոք Ազարյանը:
Հուլիսի 12-ի նիստում Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին սահմանելու մասին» որոշման նախագծին:
Երևանի ավագանու խմբակցություններից միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունն է հայտարարել քաղաքապետի պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելու մասին: