14/07/2018 14:44
72 տարեկան հասակում մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
Հուլիսի 13-ի երեկոյան կյանքի 72-րդ տարում մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
Ծնունդով ագուլիսցի ազգագրագետը քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է, ընտանիքի հետ Երևան է տեղափոխվել 1953 թվականին, երբ ընդամենը 7 տարեկան էր: 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Նրա կտավները գտնվում են ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։
Իր զրույցներում ազգագրագետը հաճախ էր շեշտում, որ նկարչությունն իրեն օգնել է մշակույթի տարբեր ճյուղերում դրսևորվել, քանի որ կարողացել է տեսնել, ընկալել և գնահատել այն արժեքները, որոնք ստեղծել է հայ ժողովուրդը: Այն մշակույթը, որն ինքն էր ուսումնասիրում, ժողովրդական էր՝ ազգային տոներ, ծեսեր ու տարազներ։
Aysor.am-ը ցավակցում է Լուսիկ Ագուլեցու ընտանիքի անդամներին ու հարազատներին: