14/07/2018 20:21
Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր մտահոգությունն է հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ:
«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու և անհրաժեշտ ընթացք տալու համար»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ցուցարարները սպառնում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
«Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում»,- գրել էր Վահրամ քահանա Մելիքյանը: