16/07/2018 12:11
Բանակցությունները զարգացնելու հարցում հայկական կողմը երբեք պասիվ չի եղել. ԱԳՆ խոսնակ
Արցախում խաղաղության մթնոլորտի ապահովման հարցում, ինչպես նաև բանակցությունները զարգացնելու հարցում հայկական կողմը երբեք պասիվ չի եղել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԳՆ անհրաժեշտություն չի տեսնո՞ւմ բանակցությունների դինամիկան զարգացնելու առումով։
«Խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, շփման գծում նրանց տեղակայման մասին է, որպեսզի կարողանան վերահսկել իրավիճակը», - ասաց Տիգրան Բալայանը։
Նրա կարծիքով՝ նախընտրական շրջանը չի կարող խնդրահարույց լինել ինչ-որ պայմանավորվածություններ իրականացնելու հարցում։
«Խաղաղությունն այնպիսի արժեք է և խաղաղության պայմանավորվածությունը պետության համար այնքան կարևոր է, որ որևէ դադար կամ հանգամանք չպետք է պատճառ դառնա դրանց հետաձգման համար», - ասաց Տ. Բալայանը։