16/07/2018 12:33
Եվրամիության կողմից Հայաստանին տրվելիք գումարի չափն արդեն իսկ ավելացել է 25 տոկոսով. Սվիտալսկի
Եվրամիության կողմից Հայաստանին տրվող աջակցությունը մինչև 2020թ.-ը կազմելու է 100-ից 160 մլն եվրո, սա որոշվել էր դեռևս մինչև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին:
«Այս գումարն արդեն իսկ ներառում է 25 տոկոս ավելացում: Բայց սա դեռևս այն ամենը չէ, ինչ Հայաստանը կարող է ստանալ ու իրացնել, կան նաև այլ ուղիներ, որոնք մենք օգտագործում ենք», - ասաց դեսպանը:
Նա ընդգծեց` Եվրամիությունը հետամուտ է լինելու և փորձելու է այս գումարները հատկացնել արժեքավոր ծրագրերի:
«Եթե մենք չկարողանանք գումարը հատկացնել լավ ծրագրերի, այն կվերադառնա ԵՄ անդամ պետություններին, եվրոպացի հարկատուներին, որովհետև մենք խոսում ենք Եվրամիության հարկատուների գումարների մասին», - ասաց ԵՄ դեսպանը:
Բրյուսել այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ։
«Հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք և հաջողություն կարձանագրվի, և նախկին ռեժիմին վերադարձ չի լինելու, բացառվում է», - ասել էր Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով, միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել բարեփոխումները, սակայն հայցորդի կարգավիճակում չէ:
«Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ։ Կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն։ Մենք մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները», - ասել էր Ն.Փաշինյանը:
Նա նշել էր, որ հայտարարվել էր Եվրամիության կողմից 160 մլն եվրո տրամադրելու մասին, սակայն այդ գումարը այսպես թե այնպես նախատեսված էր։
Ն.Փաշինյանի խոսքով, ԵՄ-ն 15-20 տարի միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների համար, «իսկ մենք դա արեցինք մեկ շաբաթում»։
«Ես իմ տարակուսանքը հայտնեցի քաղաքականության փոփոխության բացակայության կապակցությամբ։ Դեռևս նրանք մեզ համար ունեն շնորհավորանքներ ու կոմպլիմենտներ, բայց մենք այն վիչակում չենք, որ այդ կոմպլիմենտներից հալվենք», - ասել էր վարչապետը։