16/07/2018 18:07
Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Սաքանյանը, 2012 թվականից հանդիսանալով Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն, նույն դպրոցի տնտեսվարի և տեխնիկական աշխատողի օժանդակությամբ շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), տնտեսվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնիկական աշխատողին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: