16/07/2018 11:16
Քաղաքապետի ընտրության հարցով հրավիրված ավագանու նիստին ներկա է ավագանու հինգ անդամ. քվորում չկա
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում է քաղաքապետի արտահերթ ընտրության հարցը։
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատր Կամո Արեյան ասաց, որ ավագանու կեսից ավելին պետք է ներկա լինի, որ նիստ անցկացվի։
«Այս պահի դրությամբ ավագանու նիստին ներկա է ավագանու հինգ անդամ, քվորում չունենք, հետևաբար, նիստն իրավազոր չէ, քանի որ նիստին չեն մասնակցում ավագանու անդամների՝ օրենքով սահմանված կեսից ավելին», - ասաց նա՝ հայտարարելով 30 րոպե ընդմիջում։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու 3 խմբակցություններից ՀՀԿ-ն և «Ելքը» հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու քաղաքապետի ընտրություններին և չեն մասնակցելու ավագանու նիստին։
Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Կամո Արեյանն է։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները:
Եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր քաղաքապետ, ապա ավագանին լուծարվում է և անցկացվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։