17/07/2018 09:30
«Փաստ». Նոր իշխանություններն այնքան սխալներ են անում, որոնք ՀՀԿ–ն կարող էր քննադատել, բայց չի անում. ինչո՞ւ
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր Երևանի քաղաքապետի երեկվա ընտրություններին թեկնածու չառաջադրելու մասին: Բացի այդ, նույն կուսակցության ավագանու անդամի մակարդակով հայտարարվել է, որ ՀՀԿ–ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև ավագանու սպասվելիք արտահերթ ընտրություններին, թեպետ այլ ՀՀԿ–ականներ նշում են, թե դեռևս պաշտոնական դիրքորոշում չկա»:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ՀՀԿ–ի նման գործելաոճը մի քանի գործոնով է պայմանավորում:
«Նախ` տարօրինակ է, որ քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարում է ոչ թե կուսակցության նախագահը կամ նրա մամլո խոսնակը, այլ` Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը կամ, առավել ևս, նրա մի անդամը. Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունն առանձին քաղաքական միավոր չէ, այն մեկ կուսակցության խմբակցություն է: Միգուցե ՀՀԿ–ում հասել են վիճակի, երբ յուրաքանչյուր խմբակցություն ինքն իր համա՞ր է որոշումներ ընդունում: Նման բան չի լինում նորմալ քաղաքական կառույցներում:
Երկրորդ. ՀՀԿ–ն ավագանու խմբակցությունից կարող էր թեկնածու առաջադրել, սակայն դա էլ չարեց, և, փաստորեն, շարունակում են ՀՀԿ ղեկավարության կողմից իրականացվող ինքնամեկուսացման և ինքնալիկվիդացման քաղաքականությունը: Սկսած մայիսի 8–ից` ՀՀԿ–ն ինքնալուծարման քաղաքականություն է տանում: Չենք տեսնում նաև ՀՀԿ բարեփոխման գործընթացը: Իսկ եթե չի բարեփոխվում և մնում է իր ղեկավարի հսկողության տակ, որին քայլ անելով մերժում էին, բնականաբար, ինքնալուծարման ճանապարհով է գնում: Խոսքը ոչ թե կազմակերպչական կամ իրավական, այլ քաղաքական ինքնալուծարման մասին է: Այսինքն` ՀՀԿ–ն կարող է շատ կուսակցությունների նման գրանցված լինել, բայց իրականում չգործել: Իսկ թե ինչու է այդ ճանապարհով գնում, այս պահին դժվար է ասել: Միգուցե իշխանափոխության փուլում ՀՀԿ ղեկավարների և նոր իշխանությունների միջև անդրկուլիսյան բանակցություննե՞ր են եղել. մասնավորապես` ՀՀԿ–ն պետք է ինքնալուծարվի, փոխարենը` ինչ–ինչ հարցեր պետք է լուծվեն: Սա ընդամենը ենթադրություն է, բայց եթե մայիսին շկոտային իրավիճակ կար, ապա հունիսի կեսերից շկոտային իրավիճակ չկա, և նոր իշխանություններն այնքան սխալներ են անում, որոնք ՀՀԿ–ն կարող էր քննադատել: Բացի այդ, գոնե կարող էին սկսել կուսակցության ռեբրենդինգի և վերաբարեփոխման գործընթացը: Այդ ամենը տեղի չի ունենում», – «Փաստ»–ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգը: