17/07/2018 14:50
Թրամփը միջուկային հիմնախնդիրը համարում է ամենակարևորն արդի աշխարհում
Միջուկային հիմնախնդիրն ամենակարևորն է արդի աշխարհում և այն լուծելիս անհրաժեշտ է զգուշություն դրսևորել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Աշխարհում ամենակարևոր հիմնախնդիրն այժմ միջուկայինն է: Ես գիտեմ, որ նախագահ (Բարաք) Օբաման որպես հիմնական խնդիր է համարել գլոբալ տաքացումը, սակայն ես կասեի ո՛չ, մեր հանդեպ ծառացած հիմնախնդիրներից ամանախոշորն ավելի ու ավելի թեժ դարձող միջուկային հիմնախնդիրն է, որը 5 միլիոն անգամ ավելի կարևոր է: Միջուկային խնդիրները լուծելիս մենք պետք է զգուշություն դրսևորենք: Տեսեք, միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտ է աշխարհում առկա միջուկային զենքի 90 տոկոսը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ իրեն հայտարարել է, որ «ցանկանում է աջակցություն ցույց տալ այն բանում, ինչ վերաբերում Է Հյուսիսային Կորեային»:
«Բայց մենք հաջողությամբ ենք վարում գործերը Հյուսիսային Կորեայի հետ, այնպես որ ժամանակ ունենք: Շտապելու անհրաժեշտություն չկա, հիմնախնդիրը պահպանվել է շատ տարիների ընթացքում», - ասել է նա: