17/07/2018 15:01
ԱՄՆ-ում լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել
ԱՄՆ-ում Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մարիա Բուտինան, փոխանցում է РИА Новости-ն:
ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ 29-ամյա Բուտինան նախատեսում էր մուտք գործել ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդող կազմակերպություններ:
Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է հուլիսի 15-ին: Նա մեղադրվում է ԱՄՆ-ի պատժամիջոցներում հայտնված ռուս պաշտոնյայի աշխատանքներում ներգրավված լինելու համար:
«Համաձայն մեղադրանքի՝ 2015 թվականից և առնվազն մինչև 2017 թվականի փետրվարը Բուտինան աշխատել է ռուսական կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգներով, պաշտոնյան նախկինում ՌԴ խորհրդարանի պատգամավոր է եղել, ապա դարձել է ՌԴ ԿԲ բարձրաստիճան ներկայացուցիչ։ Վերոհիշյալ ռուսաստանցի պաշտոնյան գտնվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ներքո», - ասված է փաստաթղթում։
ՌԴ պաշտոնյայի անունը չի նշվում, բայց ամերիկյան լրատվամիջոցները ենթադրում են, որ Բուտինան կապված է եղել Ռուսաստանի բանկի փոխտնօրեն Ալեքսանդր Տորշինի հետ։
Բուտինային մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։