18/07/2018 13:56
ՊՊԾ գնդում բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը, ոչ թե Արմեն Բիլյանը. Պավլիկ Մանուկյան
«Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։
Նա հայտարարել է, որ ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը, ոչ թե Արմեն Բիլյանը։
«Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության և արդարության: Խնդրում եմ վերականգնեք արդարությունը»,- ասել է նա:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը:
Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ հափշտակության լրացուցիչ մեղադրանքը:
«Մեզ համար նույնիսկ ծիծաղելի է այդ մեղադրանքը, այն իմաստով, որ ամբողջությամբ անհիմն է, և այդ բանկոմատից կատարված հափշտակության հետ ինքը որևէ առնչություն չունի»,- ասել էր նա։