18/07/2018 17:21
Ցանկանում ենք, որ այն հաղթանակը, որ տարաք, դառնա ողջ հայ ժողովրդինը. Շավարշ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին:
«Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի հետ կլինի առավել ամուր:
Իր հերթին, անվանի լողորդը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի:
«Ցանկանում ենք, որ այն հաղթանակը, որ տարաք՝ դառնա ողջ հայ ժողովրդինը: Բոլորս աշխատում ենք մասնակիցը լինել հայրենիքի բարգավաճմանը», - ասել է Շավարշ Կարապետյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանում կան բազմաթիվ հայազգի շնորհալի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին, ներգրավվել կառավարման համակարգում և մասնակիցը դառնալ Հայաստանի զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրանց տվյալները փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղ կքննարկվի նրանցից յուրաքանչյուրի հայտը և կտրվի համապատասխան արձագանք: