18/07/2018 11:47
Միջադեպը անփութության արդյունք է եղել. 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրում
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր։
«Այսօր հանդիպեցի 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:
Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն խնդրեց և նշեց, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի«,- Facebook-ի իր էջում տեղեկացրել է մարզպետը։
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել: