18/07/2018 17:16
Չարաշահումներ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացնելու ընթացքում. ընկերության կողմից վերականգնվել է 6,7 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում գործող «Հ.Ա.Ավտոտեխզննում» ՍՊ ընկերության ղեկավարության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, հայտնում են Քննչական կոմիտեից։
«Հ.Ա.Ավտոտեխզննում» ՍՊ ընկերությունը, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ։
Նախնական տվյալներով՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերության տնօրինությունը, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված իրական վնասի ծավալները պարզելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, գործողություններն անհատականացնելու և ձեռք բերված ապացույցների հիման վրա համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, այսօր ընկերության կողմից ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6.700.000 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։